Ռուսաստանցի մագնատ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հակառակորդ Միխայիլ Խոդորկովսկին նրան համեմատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ, ասել, որ ինքը մտադիր է փոխել Ռուսաստանը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Խոդորկովսկին, մասնավորապես, մտադիր է սահմանադրական խորհրդակցություն հրավիրել, որը թույլ կտա Ռուսաստանի նախագահից վերցնել նրա լիազորությունների մի մասը և փոխանցել օրենսդիր ու դատական ճյուղերին: Խոդորկովսկին խորհուրդ է տվել մոռանալ ընտրությունների միջոցով Ռուսաստանի իշխանությունների ժողովրդավարացման մասին:
Ըստ աղբյուրի՝ Խոդորկովսկին տասը տարի բանտում է անցկացրել «պարոն Պուտինի հետ վիճելու համար»: Ազատ արձակումից հետո վերջին մի քանի ամիսներին Խոդորկովսկին սկսել է ավելի կտրուկ հանդես գալ Կրեմլի դեմ: Սեպտեմբերին Շվեյցարիայում նա հիմնադրամ է ստեղծել, որը պետք է նպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը Ռուսաստանում: Անհայտ է, սակայն, թե ինչպիսի աջակցություն կգտնեն Խոդորկովսկու ջանքերը, քանի որ Ռուսաստանում բնակչության միայն 12%-ն է ցանկանում արևմտյան մոդելով իշխանություն ունենալ:
Խոսելով Պուտինի քայլերի մասին՝ Խոդորկովսկին ասել է, որ նա իրեն պահում է Բուշ կրտսերի պես, նրան թվում է՝ Աստված է իրեն տիրակալ կարգել, սակայն ի տարբերություն Բուշի՝ Ռուսաստանում Պուտինը որևէ մեկի առաջ հաշվետու չէ: