«Վլադիմիր Պուտինի աջակիցների խումբ» ֆեյսբուքյան նախաձեռնությունը որոշել է օրիգինալ ձևով շնորհավորել Ռուսաստանի նախագահի առաջիկա ծննդյան օրը. Պուտինը ծնվել է 1952-ի հոկտեմբերի 7-ին:
Այդ առիթով օգտատերերը հիշելու են նրա ամենակարևոր ձեռքբերումները, իսկ դիզայներներն ու նկարիչները «Կրասնի օկտյաբր» կենտրոնում ներկայացնելու են Պուտինի «սխրանքները»՝ Հերակլեսի սխրագործությունների հետ զուգահեռներով, գրում է gazeta.ru-ն։
Եվ այսպես, ցուցադրությունում տեղ են գտել «Նեմեյան առյուծի խեղդումը - պայքար ահաբեկչության դեմ», «Լերնեյան հիդրայի սպանությունը - պատասխանը պատժամիջոցներին», «Ստիմփալոսյան թռչունների ոչնչացումը - Սիրիայում ավիառմբակոծության դադարեցումը», «Կերինյան եղջերվին բռնելը - Սոչիի Օլիմպիադան» և այլն:
Պուտինի սխրանքների թվին են դասվել նաև օլիգարխիայի վերացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, Ղրիմի վերադարձը, «Հարավային հոսք» գազատարի նախաձեռնումը, Չինաստանի հետ գազային պայմանագիրը, ԱՄՆ-ի հետ պայքարը: