Ամանորին Հայաստանում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում։ Այս մասին Analitik.am-ին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ հավելելով, որ այս տարի ավելի շատ հավկիթ է արտադրվել, քան կարելի էր սպասել․ Ամանորին շուկան ապահովված է:
Ստեփանյանը նշեց, որ 2019 թվականը հավկիթի ինքնաբավության առումով եզակի տարի է․ շատ են արտադրել, հավկիթի գինն է նվազել, նաև այս տարի այլ երկրներից հավկիթ չի ներկրվել:
«Հունվարի 1-ից մինչև հիմա որոշ ֆաբրիկաներ հավկիթի բացթողնման գինը 9 դրամով իջեցրել են: ֆաբրիկաներ կան, որ այժմ հավկիթ բաց են թողնում 40-41 դրամով և իրացվում 50 դրամով»,-ասաց նա:
Իսկ թե ինչն է նպաստել, որ այս տարի հավկիթի շուկան ինքնաբավ է, Ստեփանյանն ասաց, որ այս տարի թռչնաֆաբրիկաներն ավելացրել են իրենց արտադրական կարողությունները։ Սկսել են 6-7 նոր ֆաբրիկաներ են գործել, ավելացել է թռչնագլխաքանակը, իսկ կերը չի թանկացել:
Թռչնագլխաքանակի աճին նպաստել է նաև տարին. թռչնանկումներ, հիվանդություններ գրեթե չեն գրանցվել։ Արդյունքում՝ ոլորտն աճ է գրանցել. «Այս տարի նախորդ տարվա համեմատ 11 տոկոս աճ ունենք ոլորտում, եթե նախկինում ֆաբրիկաներն օրական 100-120 արկղ հավկիթ էին արտադրում, ապա այժմ՝ 300-400 արկղ»:
Ինչ վերաբերում է թռչնամսին, թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ 2018 թվականի համեմատ 4-5 տոկոս աճ են գրանցել: Բացի հավի մսից, մեծացել է բադի, սագի, հնդուհավի մսի պահանջարկը, տնտեսություններն էլ ավելացրել են այս թռչնատեսակների գլխաքանակը:
Գոհար Ստեփանյան