Միջազգային 

Վրաստանի վարչապետին մեղադրել են ԶԼՄ-ների գործունեությանը միջամտելու համար

Վրացական հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրել են անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման և ԶԼՄ-ների գործունեությանը միջամտելու համար: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:


Հոկտեմբերի 2-ին Ղարիբաշվիլին ԶԼՄ-ներին քննադատել է, որ նրանք համերաշխություն չեն հայտնել «Ասավալ-Դասավալի» թերթի լրագրող Զազա Դավիթայային, որը ծեծի հետևանքով հիվանդանոցում է, և չեն լուսաբանել «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողի անչափահաս եղբոր գործը, որը, վարչապետի խոսքով, «2 տաքսու վարորդի է թալանել»:


«Խմբագրային անկախությունը ԶԼՄ-ների գործունեության կարևորագույն մաս է, ինչը նշանակում է ԶԼՄ-ների հայեցողական իրավունք որոշելու՝ ինչն է հանրային հետաքրքրություն ներկայացնում և այս կամ այն իրադարձության մասին տեղեկություն տարածել, թե ոչ»,- ասվում է 4 ոչ կառավարական կազմակերպության հայտարարության մեջ:


Ոչ կառավարական կազմակերպությունները նաև վարչապետին քննադատել են «Ռուսթավի-2»-ի լրագրողի անչափահաս եղբոր գործի առնչությամբ խոսքերի համար. «Վարչապետը հաստատականորեն խոսում է հանցագործության մասի՞ն: Տվյալ գործով դատարանը ոչ միայն վճիռ չի կայացրել, այլև նույնիսկ չի սկսել գործի վարույթը: Այդ դեպքում վարչապետի կողմից նման հետաքրքրվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ դատարանի անկախության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Նույն շարքից