Իրանի իշխանություններն սկսել են քաղաքացիներին նախապատրաստել, որ Իսլամական հեղափոխության գերագույն ղեկավար (ռահբար) Ալի Համենեիին մոտ ապագայում իրավահաջորդ պետք կլինի: Մեծն այաթոլայի առողջական վիճակի մասին լուրերը դարձել են լուրերի թողարկման հիմնական թեման: Այս մասին հաղորդում է NEWSru Israel-ը:
Հեռուստատեսությունը ցուցադրում է երկրի ղեկավարությանը, ովքեր այցելում են ռահբարին հիվանդանոցում: Առաջնորդների թվում են Իրանի ներկայիս և նախկին նախագահները, հոգևորականության, քաղաքականության, զինվորական և դատական ղեկավարության ներկայացուցիչներ:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի սկզբին այաթոլան շագանակագեղձի վիրահատություն է տարել, որը հաջող է անցել:
Իրանում երկար ժամանակ է` լուրեր են տարածվել Համենեիի առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն պաշտոնական հաստատումը նոր է ստացվել: Փորձագետները միակարծիք են, որ Իրանը իր ողջ պատմության մեջ երկրորդ անգամ կանգնած է հոգևոր առաջնորդի փոփոխության առաջ:
Փորձագետները հայտնում են նրա հաջորդի 3 հնարավոր թեկնածուի անունները, որոնք են Փորձագետների խորհրդի փոխղեկավար Մահմուդ Հաշեմի Շահրուդին, Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, իրանական ղեկավարության ամենաազդեցիկ կլաններից մեկի ներկայացուցիչ Սադեկ Լարիջանին:
Ռահբարին ընտրում է Փորձագետների խորհուրդը, որի ղեկավար 83-ամյա Մուհամմադ Ռեզա Մահդավի Քանին, արդեն մի քանի ամիս է, ինչ կոմայի մեջ է գտնվում: