«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունը կարող է վրեժ լուծել Թուրքիայից կազմակերպության դեմ ցամաքային ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ մեջլիսում ընդունած մանդատի պատճառով: Թուրքական «Միլլիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ թուրքական հետախուզական ծառայությունների հավաստմամբ` իսլամիստները հարձակումներ են նախաձեռնել Թուրքիայի վրա:
Նշվում է, որ հնարավոր է երկրում ահաբեկչական գործողություններ իրականացվեն օրինակ պայթուցիկով փոխադրամիջոցի օգնությամբ, որը Սիրիայից կուղարկվի Թուրքիա: Որպես ահաբեկչություն իրականացնելու այլընտրանքային տարբերակ է նշվում պայթյունի նախապատրաստումը հենց Թուրքիայի մեծ քաղաքներում:
Հոկտեմբերի 2-ին թուրքական մեջլիսը հավանություն էր տվել կառավարության կողմից ներկայացված մանդատին, որը ենթադրում է սպառնացող վտանգի պարագայում անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում և Իրաքում: Այն թույլատրում է նաև օտարերկրյա զինուժի տեղակայումը Թուրքիայի տարածքում: