Հոկտեմբերի վերջին Փարիզում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ, գրում է ադրբեջանական contact.az գործակալությունը:
Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել օգոստոսին՝ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո:
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Փարիզ, ակնկալվում է, որ մոտ օրերս Փարիզ կմեկնի նաև Ադրբեջանի արտգործանախարարը Էլմար Մամեդյարովը:
Turan-ին դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Փարիզյան հանդիպման նախօրեին Բաքու կժամանի Եվրամիության՝ Հարավային Կովկասի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Վերջինս բանակցություններ կվարի Ադրբեջանի ղեկավարության հետ, ամենայն հավանականությամբ կայցելի նաև Հայաստան:
Գործակալությունը գրում է, որ Փարիզի հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան, քանի որ այս փուլում Մինսկի խմբի գլխավոր խնդիրն է կողմերին զերծ պահել լայնածավալ պատերազմից: Բացի այդ, Իլհամ Ալիևին տհաճ խոսակցություն է սպասվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ կապված երկրում քաղաքացիական հասարկության նկատմամբ ճնշումների հետ:
Սկզբնաղբյուրը՝ http://www.1in.am/1448445.html