Ուկրաինայում պատերազմը նույն պատերազմն է, ինչ Ռուսաստանը վարել է Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղրիմում: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի երրորդ նախագահ Վիկտոր Յուշչենկոն Profil ավստրիական ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է obozrevatel.com-ը:
Նա հայտարարել է, որ Պուտինը փորձում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն այնպես ներկայացնել, ասես այնտեղ պատերազմում եմ ուկրաինացիներն ուկրաինացիների դեմ, ասես դա քաղաքացիական պատերազմ է և Ուկրաինայի ներքին խնդիրը: Յուշչենկոյի կարծիքով՝ դա նրան հաջողվում է, քանի որ շատերի մոտ այդ տեսակետն է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ:
«Սակայն, եթե բոլոր քարտերը դնենք սեղանին, պարզվում է, որ դա պատերազմ է, որը գալիս է Ռուսաստանից: Դա նույն պատերազմն է, ինչ Ռուսաստանը վարել է Լեռնային Ղարաբաղում, Մոլդովայում, Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Ղրիմում: Եվ այդ պատերազմում իրար դիմակայում են ոչ միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Պուտինն իրականում իրականացնում է քաղաքական նախագիծ, որի նպատակն է Ռուսաստանին վերադարձնել գերտերության կարգավիճակը, և, ընդ որում, Ղրիմը նրան ամենաքիչն է հետաքրքրում»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով՝ Արևմուտքին անհրաժեշտ է սկսել արձագանքել և Ուկրաինայում հակամարտությունը դիտարկել որպես «ԵՄ-ի, Արևմուտքի և, ընդհանուր առմամբ, աշխարհի խնդիր, քանի որ Ուկրաինան Մոսկվայի կայսերական ծրագրերի փազլի ընդամենը փոքրիկ կտորն է»: