Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կմիանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը։ Համապատասխան պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Խոսքը Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին է, որպեսզի Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կարողանա դառնալ Միության լիիրավ անդամ»,- ասել է Ուշակովը։
Նիստի ընթացքում կքննարկվի նաև Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ համագործակցության ընդլայնման հարցը:
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մինսկի հանդիպմանը կմասնակցեն ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները:
Մայիսին Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծման մասին փաստաթուղթ էին ստորագրել: ԵՏՄ-ն համարվում է միջազգային իրավասուբյեկտայնություն ունեցող տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն: