ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ով սեպտեմբերի 3-ից չի հայտնվում հանրության մեջ, վնասել է ջիլը: Այդ մասին Reuters գործակալությանն ասել է Հյուսիսային Կորեայի կառավարության աղբյուրը, հաղորդում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը վնասվածքը ստացել է զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են օգոստոսի վերջին- սեպտեմբերի սկզբին: «Նա հրամայել է գնդապետներին մասնակցել զորավարժություններին, և ինքն էլ է մասնակցել: Նրանք սողում էին, վազում, ցատկում, և Կիմ Չեն Ընը վնասել է ջիլը»,- պատմել է աղբյուրը:
Նա նշել է, որ ավելորդ քաշը նպաստել է նրան, որ ԿԺԴՀ առաջնորդը վնասի կոճը և ծունկը: «Սկզբից նա ուղղակի կաղում էր, բայց այնուհետ նրա վիճակը վատացել է»,- նշել է աղբյուրը: Նա հստակեցրել է, որ Կիմ Չեն Ընին մոտ 100 օր կպահանջվի վերականգնվելու համար: Ընդ որում, նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարը պետական գործերը հսկողության տակ է պահում:
Հոկտեմբերի 10-ին Կիմ Չեն Ընը ներկա չէր գտնվել Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 69-ամյակի տոնակատարություններին, ինչը ԿԺԴՀ առաջնորդի վիճակի մասին տարատեսակ լուրերի տեղիք էր տվել: