Միջազգային 

Ղրիմի բնակիչներին երեք ամիս են տվել արգելված գրականությունը կամավոր հանձնելու համար

analitik.am

Ղրիմի բնակիչները պետք է առաջիկա երեք ամիսներին (այդքան է մնացել մինչ անցումային շրջանի ավարտը) կամավոր հանձնեն արգելված ծայրահեղական նյութերի դաշնային ցանկում առկա գրականությունը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է չճանաչված Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Հարցն առաջացել է, երբ թերակղզու մի քանի շրջաններից մահմեդական ընտանիքներ բողոքներով դիմել են Աքսյոնովին, որ իրենց տներում խուզարկումներ են անցկացվում՝ արգելված կրոնական գրականություն հայտնաբերելու նպատակով: Աքսյոնովի խոսքով՝ խնդիրը կապված է նրա հետ, որ Ուկրաինայում թույլատրված գրականության մի մասը Ռուսաստանում արգելված է: Բայց Ղրիմի բնակիչներին արգելված կրոնական և ծայրահեղական գրքերի ցանկի մասին չի տեղեկացվել:

 

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, Ղրիմի թերակղզում շարունակում են ողբերգական դեպքեր տեղի ունենալ Ղրիմի թաթարների հետ: Ավելի վաղ մեջլիսի նախկին ղեկավար Մուստավա Ջեմիլևը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, պնդել է, որ Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո անհետ կորել է Ղրիմի 18 թաթար: 

Նույն շարքից