Միջազգային 

Հարվածները դանդաղեցրել են ԻՊ-ի առաջխաղացումը

analitik.am

 ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 21 օդային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, օդային հարվածները դանդաղեցրել են ահաբեկիչների հարձակումը քաղաքի վրա:


Ամերիկյան զինված ուժերի ղեկավարությունը նշել է, որ ոչնչացվել են ԻՊ-ի մի քանի դիրքեր` զենքով և տեխնիկայով: Օդային հարվածները ԻՊ-ին զրկել են նաև ուժերը համալրելու հնարավորությունից: Քաղաքի տարբեր հատվածներում բախումները շարունակվում են:


ԻՊ-ի անդամներից մեկը հոկտեմբերի 14-ին Այն ալ Արաբ քաղաքի մոտ ինքնահրկիզվել է: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել քաղաքից 2 կմ հեռավորության վրա: Աղբյուրի տեղեկացմամբ` հնարավոր է փակվի քաղաքից թուրքական սահման տանող ճանապարհը:

 

Ավելի քան 3 շաբաթ է, Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում պայքար են մղում ԻՊ-ի դեմ: Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ ապրում էր մոտ 100 հազար բնակիչ:

 

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Կոբանին կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Նույն շարքից