Միջազգային 

Բուրջանաձեն Վրաստանի իշխանություններից պահանջել է ուղղակի երկխոսություն սկսել Մոսկվայի հետ

analitik.am

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միավորված ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ երկրի ներկայիս իշխանությունները միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

 

«Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հաճախ են անում վնասակար հայտարարություններ, որոնք կարող են հաճելի լինել ոմանց համար, բայց փաստն այն է, որ դրանք չեն ծառայում Վրաստանի շահերին: Դրա օրինակն են երկրի տարածքում ՆԱՏՕ-ի բազա հիմնելու, հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայելու հնարավորության վերաբերյալ կոնկրետ նախարարների արած հայտարարությունները»,- ասել է Բուրջանաձեն լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ համագործակցության եւ ինտեգրացման մասին պայմանագրի նախագիծը, որը հրապարակվել է մամուլում:

 

Նրա խոսքով՝ «Վրաստանի իշխանությունները չունեն միասնական թիմ, չկա միասնական դիրքորոշում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում»:

 

«Երբ չես համարձակվում խոսել Աբխազիայի եւ Ցխինվալի դե ֆակտո իշխանությունների հետ, գնալ այնտեղ եւ կոնրետ բանակցություններ սկսել, ապա այդ ամենը վնասում է Վրաստանին»,- հայտարարել է Բուրջանաձեն:

 

«Եթե մենք ունենայինք այնպիսի իշխանություններ, որոնք իրական պատասխանատվություն զգային, ապա այլ թեմաների շուրջ Մոսկվայի հետ ուղղակի երկխոսությունն արդեն սկսված կլիներ: Բայց դրան ոչ ոք չի համարձակվում գնալ մեկ պարզ պատճառով. մեր կառավարությունն ամեն հարցում նայում է դաշնակիցների կողմը, կառավարություն, որը միայն խոստանում է, որ միջազգային հանրակցության ճնշման ներքո շուտով կսկսվի ապաօկուպացման գործընթացը»,- ասել է խորհրդարանի նախկին խոսնակը:

 

Նրա խոսքով՝ «ցավոք, դա միայն պատրանք է», որով խաբում են բնակչությանը:

 

Ընդսմին նա ընդգծել է, որ «առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ինչը բնավ չի նշանակում թշնամանք եւ հարաբերությունների խզում Արեւմուտքի, Արեւելքի կամ Հարավի հետ», Վրաստանը վերջնականապես կկորցնի Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձնելու հնարավորությունը եւ կարող է կանգնել «էլ ավելի ծանր մարտահրավերների առջեւ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից