Միջազգային 

Թուրքիան դուրս է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր կազմից

analitik.am

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի գաղտնի քվեարկության արդյունքում Իսպանիան, Անգոլան, Վենեսուելան, Մալայզիան և Նոր Զելանդիան դարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ, գրում է Корреспондент-ը։

 

«Համաձայն քվեարկության արդյունքների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում 2015-2016թթ. ընտրվել են Իսպանիան (132 ձայն ), Անգոլան (190 ձայն ), Վենեսուելան (181 ձայն ), Մալայզիան (187 ձայն) և Նոր Զելանդիան (145 ձայն)»,- նշվում է կազմակերպության հաղորդագրությունում։

 

Ի դեպ, Թուրքիան դուրս է մնացել կազմից՝ հավաքելով ընդամենը 60 ձայն: 

 

Թուրքիան այժմ գտնվում է միջազգային ճնշման տակ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին իր սահմանի երկայնքով պատերազմելուն օժանդակելու համար։

 

«Մենք չէինք կարող հրաժարվել մեր սկզբունքներից՝ ավելի շատ ձայներ ստանալու համար»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Խորհրդի նոր անդամները կփոխարինեն Ավստրալիային, Արգենտինային, Լյուքսեմբուրգին, Կորեայի Հանրապետությանը և Ռուանդային, որոնք ընտրվել էին 2 տարի առաջ։

 

Մինչ 2015թ. վերջ Անվտանգության խորհրդում կմնան Հորդանանը, Լիտվան, Նիգերիան, Չադը և Չիլին։

Նույն շարքից