Միջազգային 

Ուկրաինան և ԵՄ-ն կարևորել են Մինսկի համաձայնությունների կատարումը

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռյոմպյոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Միլանում կայացած հանդիպմանը նշել են Մինսկի համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ Ուկրաինայի եւ ԵՄ-ի էներգետիկական անվտանգության հարցի լուծումը համատեղ ջանքեր է պահանջում: Այդ մասին հաղորդվում է Պորոշենկոյի կայքում:

 

«Զրուցակիցները համաձայնել են, որ սեպտեմբերի 5-ի Մինսկի արձանագրության եւ սեպտեմբերի 19-ի Մինսկի հուշագրի բոլոր կետերը պետք է անշեղորեն կատարվեն, հատկապես հրադադարի ռեժիմի պահպանումը, սահմանների նկատմամբ հսկողությունը եւ պատանդների ազատումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Զրուցակիցները նաեւ նշել են, որ Դոնբասում ընտրությունների անցկացումը լրջորեն կհարվածի Մինսկի համաձայնություններին:

 

Ավելի վաղ Պորոշենկոն Միլանում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ:

Մասնավորապես, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մերկելի հետ հանդիպմանը կարեւորվել է ռուս-ուկրաինական սահմանում ԵԱՀԿ-ի առաքելության թվակազմի ավելացումը: Պորոշենկոն եւ Մերկելը նաեւ անհրաժեշտ են համարել Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ստորագրել է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքը: «Օրանքով նշված տարածքներում հատուկ կարգը սահմանվում է ժամանակավորապես՝ երեք տարով»,- ասված է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ օրենքի հիմնական նպատակը Դոնբասի իրադրության նորմալացման եւ բնակիչների վերադարձի համար պայմանների ստեղծումն է:

 

Բացի այդ պետությունը չի հետապնդելու եւ քրեական պատասխանատվության չի ենթարկելու զինված կարգավորումների մասնակիցներին, բացառությամբ նրանց, ովքեր կասկածվում են ծանր հանցագործություններ կատարելու մեջ:

Նույն շարքից