Միջազգային 

Թուրքիան և ԻՊ-ն ընդհանուր թշնամիներ ունեն

analitik.am

Բրիտանական Daily Telegraph թերթը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քոբանիի հանդեպ վարած քաղաքականությունը, գրում է CNN Turk-ը:

 

Թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Սիրիայում ու Իրաքում գործող«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ընդհանուր թշնամիներ ունեն, և այդ պատճառով էլ Էրդողանը որևէ քայլ չի ձեռնարկելու:

 

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող քրդաբնակ Քոբանի բնակավայրն ԻՊ-ի կողմից հարձակման է ենթարկվել, հիշեցնում է թերթը՝ նշելով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աչքում քրդերն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ավելի վատն են, քան ԻՊ-ը:

 

Եթե վտանգը Քոբանիից հեռանա, Թուրքիան որևէ գովաբանության չպետք է արժանանա: Մինչ այժմ Թուրքիայի՝ ԻՊ-ի հանդեպ վերաբերմունքն անհայտ էր: Ավտորիտար վարչապետ Թայիփ Էրդողանը նախագահ դարձավ, անգամ՝ ԱՄՆ-ի իրական նպատակը Սիրիայի նավթը գողանալու մասին տարօրինակ հայտարարություն արեց:

 

 

Այդ ընթացքում ԻՊ-ին դիմադրություն ցույց տվող Քոբանիի ժողովրդին օգնելու համար Թուրքիան անգամ մատը մատին չտվեց, իսկ այդ քաղաքից հազարավոր փախստականներ Թուրքիա հասնելով «արցունքաբեր գազի մեջ գտան իրենք իրենց»:

 

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ պայքարում է անկախ քրդական պետության ստեղծման դեմ, և Էրդողանը մտածում է, որ քրդերի կամ Քոբանիի հանդեպ ոչ մի պարտավորություն չունի:

 

 

Շարունակելով քննադատել Քոբանիի հանդեպ Էրդողանի քաղաքականությունը՝ պարբերականը գրում է. «Ճիշտ այնպես, ինչպես Ստալինը Խորհրդային բանակը հետ քաշելով թույլ տվեց, որ ֆաշիստները 1944թ.-ին ճզմեն Լեհաստանը, այժմ էլ, եթե ԻՊ-ը գրավի Քոբանին, Թուրքիան դրանից չի տխրի:

 

Իրականությունն այն է, որ Էրդողանն այժմ երեք տարբեր թշնամիների հետ է առերեսվում. իր երկրի և Սիրիայի քրդերը, ԻՊ-ը և Ասադի վարչակազմը: Այս պահին քրդերն ու Ասադն Էրդողանի աչքում ավելի վատ համբավ ունեն, քան ԻՊ-ը: Թուրքիան և իսլամիստ ահաբեկիչներն ընդհանուր թշնամիներ ունեն: Այդ պատճառով էլ ԻՊ-ի դեմ ծավալվող արշավին անմասն մնալով՝ նրանց և քրդերի, գուցե նաև Ասադի կռիվը դիտելն ավելի տրամաբանական է Թուրքիայի համար»:

Նույն շարքից