Միջազգային 

Պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն իմիտացիա չեն. Սեյրան Օհանյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումներն իմիտացիա չեն: Այս մասին Ազգային ժողովում  «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  «Մենք իսկապես աշխատում ենք, և եթե այդ ընթացքում ինչ-որ բան չի ստացվում, դա ունի իր օբյեկտիվ պատճառները, որը մենք կարող ենք հաղթահարել` այդ գործընթացում ներգրավելով նաև խորհրդարանը և քաղաքացիական հասարակությանը»,- նշեց Օհանյանը:


Նա ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը երբեք չի խուսափել խորհրդարանական, հանրային լսումներից, որի ժամանակ կարող է նաև խիստ քննադատություն հնչել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: «Այդ քննադատությունը հաճախ կարող է լինել օբյեկտիվ, հաճախ ոչ օբյեկտիվ, սակայն մենք երբեք չենք խուսափում հանրային քննարկումներից, քանի որ ոլորտում առկա խնդիրների կարգավորման համար մենք պետք է լսենք նաև հասարակությանը, այդ գործում ներգրավենք խորհրդարանը»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ երբ նման քննարկումներին մասնակցելու հրավեր է լինում, ինքը պարտավորվածություն է զգում դրանց անձամբ մասնակցել: «Պետք է տեղեկացնեմ նաև, որ նման լսումներից հետո մենք նախարարությունում առանձին խորհրդակցություններ ենք անցկացնում, քննարկումներ ենք կազմակերպում բարձրացված խնդիրները լուծելու ուղղությամբ ուղիներ գտնելու համար»,- ընդգծեց Օհանյանը:


Նախարարը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նման քննարկումների արդյունքում ձևավորվում է բանակ-խորհրդարան-հասարակություն սերտ համագործակցության  պլատֆորմ,  ինչը ևս շատ կարևոր նշանակություն ունի:

Նույն շարքից