Միջազգային 

ԻՊ-ն կսպառնա Սիրիային, քանի դեռ ներքաղաքական տարաձայնությունները չեն կարգավորվել. Պան Կի Մուն

analitik.am

«Իսլամական պետություն» կազմակերպությունը Սիրիայի համար սպառնալիք կներկայացնի, քանի դեռ ներքաղաքական տարաձայությունները երկրում չեն կարգավորվել երկխոսության միջոցով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը: «ԻՊ-ն հակամարտության հետևանք է, այլ ոչ թե պատճառ»,- նշել է նա:


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին մտահոգություն է հայտնել Այն ալ Արաբ քաղաքի իրավիճակի կապակցությամբ, որը շրջափակված է ապստամբների կողմից մի քանի շաբաթ շարունակ: Պան Կի Մունը կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին:

 

«Մենք պետք է հիշենք, որ անմիջական սպառնալիքին բախվել են քաղաքացիները`  Սիրիայիողջ տարածքում: Ի լրումն ԻՊ-ի բարբարոսության՝ սիրիական կառավարությունը շարունակում է բուռն  հարվածներ հասցնել բնակելի շրջաններին, այդ թվում ռմբակոծում է վառվող նյութերով ռումբերով»:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբոր Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

 

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս է` պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար:

Նույն շարքից