Միջազգային 

Թբիլիսիում ակցիա են անցկացրել` ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալների

analitik.am

Մարդու իրավունքների նորվեգական տան Թբիլիսիի բաժանմունքի ներկայացուցիչները Վրաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան առջև և Հեյդար Ալիևի անվան զբոսայգում ակցիա են անցկացրել` ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, նրանք պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Ադրբեջանում:

 

Ակցիայի մասնակիցները պահել են ձերբակալված իրավապաշտպանների` Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի և այլոց անուններով պաստառներ և լուսանկարներ: Ակցիայի մասնակիցների ընդունած բանաձեւը հանձնվել է Ադրբեջանի դեսպանատուն:

«Թուրան»-ը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին Բեռլինում պետք է Ադրբեջանում «խղճի բանտարկյալների» պաշտպանության և մարդու իրավունքների վիճակի վատացման հետ կապված բողոքի ակցիա անցկացվի:

 

Ակցիան կազմակերպում է «Եվրոպայում ժողովրդավարության պաշտպանության ալյանս»-ը: Այն տեղի կունենա Բունդեսթագի շենքի առջև: Այդ առնչությամբ Facebook-ում «Բարձրացնենք մեր ձայնը» խումբ է ստեղծվել, որը հանրահավաքին մասնակցության կոչ է անում:

 

Ակցիայի նպատակը եվրոպացի քաղաքական գործիչներին և Գերմանիայի պատգամավորներին Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակին ծանոթացնելն է և պահանջելը, որ եվրոպացիներ ադրբեջանական իշխանություններին խղճի բանտարկյալներին ազատ արձակելու կոչ անեն: Ակցիայի արդյունքներով ենթադրվում է բանաձևի ընդունում և հանդիպում գերմանացի քաղաքական գործիչների հետ:

Ենթադրվում է, որ ակցիային մասնակիցներ կգան Շվեդիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և եվորապական այլ երկրներից:

Նույն շարքից