Միջազգային 

Եռյակն աշխատում է միասնական ծրագրի և ճանապարհային քարտեզի վրա. Ռ. Հակոբյան

analitik.am

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եռյակի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, թե այսօր հերթական խորհրդակցության ժամանակ հանրահավաքի հետ կապված հարցեր չեն քննարկվել: Նա նաև հերքեց լուրերը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցելու հանրահավաքին:

«Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի, երբեք կատեգորիկ դրված չի եղել, որ ինքը չի մասնակցելու, ուղղակի և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ մենք, որ մասնակցում ենք այդ գործընթացներին, դրել ենք կարևորագույն հարց, որ հարթակը պետք է լինի միասնական, ունենանք միասնական ծրագիր, ճանապարհային քարտեզ, ինչի վրա էլ այսօր աշխատում ենք»,-ասաց նա և հստակեցրեց, որ միասնական ասելով՝ նկատի ունի թեմատիկան, և որ հարթակի հնչած ելույթները պետք է լինեն այդ միասնական ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով լիդերների հանդիպմանը՝ պատգամավորն ասաց. «Մնում է ուժի մեջ, հնարավոր է, որ կայանա: Մտածում եմ, որ տեղի կունենա»:

Հարցին, թե հոկտեմբերի 10-ի հանրահավաքը հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի անո՞նս էր, նա պատասխանեց. «Կարելի է ցանկացած գնահատական տալ: Իհարկե, հանրահավաքը թերություններ ուներ, որովհետև միասնություն էր ակնկալում ժողովուրդը, բայց նաև դա հանրահավաք էր, որ առաջինն ու վերջինը չէր, և այդ հանրահավաքում մենք որոշակի խնդիրներ ունեինք` թե՛ ժողովրդի հետ շփվելու հետ կապված, թե՛ քանակի, որակի հետ կապված, թե՛ նաև յուրաքանչյուր քաղաքական ուժ ուզում էր իր անձնական մոտեցումներով ներկայանալ: Դա ինչ-որ տեղ նախապատրաստում էր 24-ի հանրահավաքին, որովհետև ասել ենք` այս գործընթացը մեկ հանրահավաքով չի ավարտվելու»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ը նշել է, որ ճանապարհային քարտեզ Գագիկ Ծառուկյանն է ներկայացնելու, նա արձագանքեց. «Ես չեմ լսել, որ Գագիկ Ծառուկյանը երեքի անունից պետք է ներկայացնի: Որևէ ճանապարհային քարտեզ պետք է միասնական ներկայացվի, որն այսօր անհրաժեշտություն է»:

Հարցին, թե Զարուհի Փոստանջյանի՝ միասնական օրակարգ կազմելու առաջարկը քննարկվե՞լ է, Հակոբյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանի առաջարկը մենք կուսակցության վարչությունում չենք քննարկել: Մենք այսօր վարչության նիստի օրակարգում չունենք նման հարց, վարչության նիստում քննարկում ենք տարբեր առաջարկություններ, առայժմ չենք քննարկել, բայց չի բացառվում, որ կքննարկենք»:

Նույն շարքից