Միջազգային 

Իսրայելը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, դա կարող է հանգեցնել հայերի ցեղասպանության. Haaretz

analitik.am

Իսրայելը չպետք է զենք վաճառի ադրբեջանցիներին, գրում է իսրայելական հեղինակավոր Haaretz լրատվականը:

 

Ցեղասպանություն իրականացնող իշխանություններին զենք վաճառելը նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհայինի տարիներին ֆաշիստներին զենք վաճառելը, համեմատություն է անում հոդվածագիր Յաիր Աուրոնը, ով քաջատեղյակ է ԼՂ հիմնահարցին, խաղաղության մրցանակ է ստացել Հայաստանի Հանրապետության նախագահից, եղել է ՀՀ-ում, և անձամբ դիմել է Իսրայելի Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով զենք չվաճառել Ադրբեջանին:

 

Հեղինակը նշում է, որ նման դիրքորոշում է հայտնում Ադրբեջանում հայերի դեմ ատելության է՛լ ավելի լայն հռետորաբանության ֆոնին: 

 

Կանխատեսում է արվում, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը հայ բնակչության կոտորած կիրականացնի: Այս համատեքստում աղբյուրը նշում է, որ հայերը գոյամարտ են մղել Ղարաբաղում, իսկ առջևում Հայոց ցեղասպանության հարյուրամյակն է:

 

Չնայած դրան, գրում է Haaretz-ը, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնն անցած ամիս մեկնել է Ադրբեջան՝ հանդիպելու այդ երկրի ռազմական և պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, նախագահին: Նշվում է, որ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, եթե պարզվի, որ Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություններ է գործում իսրայելական զենքով: Այս համատեքստում նշվում է, որ Ղարաբաղում առնվազն երկու իսրայելական անօդաչու թռչող սարք է ընկել:

 

Հոդվածագիրը նշում է, որ վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկրներից մեկը, եթե ոչ հիմնականը:

 

Սակայն սա առաջին անգամը չէ, որ Իսրայելը զենք է վաճառում ցեղասպանություն գործող կողմին. այդպես, 1990-ականների Բալկանյան պատերազմում Իսրայելը զենք էր վաճառում սերբերին՝ չնայած ՄԱԿ-ի արգելանքին:

Նույն շարքից