Միջազգային 

Դիլմա Ռուսեֆը վերընտրվել է Բրազիլիայի նախագահ

analitik.am

Բրազիլիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է պետության գործող ղեկավար Դիլմա Ռուսեֆը: 99 տոկոս քվեաթեթրիկների հաշվումից հետո նա հավաքել է ձայների 51,54 տոկոսը: Այդ մասին  վկայում են Բրազիլիայի Գերագույն ընտրական տրիբունալի տվյալները: Սոցիալ-դեմոկրատներին ներկայացնող նրա մրցակցի՝ նախկին սենատոր Աեսիու Նեւիսի օգտին քվեարկել է ընտրողների 48,46 տոկոսը:


Ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն ժամանակ Ռուսեֆը, որը ներկայացնում է Աշխատավորների կուսակցությունը, հավաքել էր ձայների 41,59 տոկոսը, Նեւիսը՝ 33,55 տոկոսը:


Բրազիլիայի սահմանադրության համաձայն՝ Ռուսեֆը նախագահի պաշտոնում կմնա եւս չորս տարի: Ինչպես նշում է Reuters-ը, չնայած տնտեսական խնդիրներին, որոնց բախվել է Բրազիլիան, պետության ղեկավարին ու նրա կողմնակիցներին հաջողվեց հաջող ընտրարշավ անցկացնել՝ համոզելով ընտրողներին, հատկապես չունեւորներին, որ Նեւիսի հաղթելու դեպքում երկիրը կվերադառնա սոցիալական անհավասարության քաղաքականությանը:


Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Աեսիու Նեւիսը Դիլմա Ռուսեֆին շնորհավորել է հաղթանակի առթիվ եւ կոչ է արել նրան ամեն ինչ անել երկիրը միավորելու համար:


«Կարծում եմ, որ ամենագլխավոր գերակայությունը պետք է դառնա ամբողջ Բրազիլիայի միավորումը»,- ասել է Նեւիսը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ: Հայտնելով, որ ինքն արդեն Ռուսեֆին շնորհավորել է հաղթանակի առթիվ, Նեւիսն ասել է, թե զգում է, որ «կատարել է իր առաջադրանքը»: «Ես լավ մարտ անցկացրի եւ հավատում էի: Շատ շնորհակալ եմ»,- Նեւիսի խոսքը մեջբերել է Infobae հրատարակությունը:

Նույն շարքից