Անհավասարության աճը կհանգեցնի նոր Մեծ դեպրեսիայի: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան, փոխանցում է The Guardian-ը:
Խոսելով Պետերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտում, Գեորգիևան նշել է, որ վերջին 20 տարիներին դիտարկվող երկրների միջև անհավասարության նվազման ֆոնին նկատելիորեն աճել է բնակչության տարբեր խմբերի միջև անհավասարությունը:
Նա որպես օրինակ բերել է իրավիճակը Մեծ Բրիտանիայում, որտեղ երկրի բնակիչների 10 տոկոսը վերահսկում է հարստությունը, որը համեմատելի է բնակչության ամենաաղքատ կեսի ընդհանուր ունեցվածքի հետ: Նմանատիպ խնդիր է նկատվում նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության այլ երկրներում, որը միավորում է ԵՄ անդամ երկրների մեծամասնությանը, ներառյալ՝ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և զարգացած այլ երկրներ:
Նրա խոսքերով, չափազանց անհավասարությունը խոչընդոտում է տնտեսական աճին և նպաստում է քաղաքական անկայունությանը․ «Այս տագնապալի միտումն ինչ-որ չափով հիշեցնում է 20-րդ դարի սկզբին տեղի ունեցածը, երբ տեխնոլոգիայի և ինտեգրացիայի զարգացումը բերեց ֆինանսական աղետի»,-ասել է Գեորգիևան: