Միջազգային 

Ուկրաինան ռուսական գազ կգնի $378 և ավելի էժան գնով. Յացենյուկ

Ուկրաինայի համար ռուսական գազի գինը կարող է իջեցվել ավելի վաղ համաձայնեցված 1.000 խորանարդ մետրի համար 385 դոլարից՝ համաշխարհային շուկայում նավթի էժանացման պատճառով: Այդ մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Այժմ մենք մոտեցել ենք մի դիրքի, երբ գինը կորոշվի պայմանագրում առկա բանաձևով, ընդ որում՝ այդ բանաձևի վրա ազդում է նավթի գինը, որը զգալիորեն նվազել է: Դա նշանակում է, որ այս տարվա վերջին եռամսյակում գինը կլինի 378, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակում՝ 365-ի մակարդակում»,- նշել է Յացենյուկը:

 

Նա հավելել է, որ ավելի վաղ Ուկրաինա մատակարարված գազը կվճարվի 1.000 խորանարդ մետրի համար 268 դոլար գնով:

 

«Ուկրաինայի դիրքորոշումն այն է, որ գազի ընդհանուր ծավալը մենք կարող ենք վճարել 268 դոլար գնով: «Գազպրոմ» ընկերությունը դա այլ կերպ կարող է գնահատել, բայց մեր դիրքորոշումն այն է, որ արդեն Ուկրաինա մատակարարված գազը կվճարվի 268 դոլար գնով»,- նշել է վարչապետը:

Նույն շարքից