Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ինքն ու Վրաստանի նախագահը տարբեր մոտեցումներ ունեն պետության կառավարման հարցում, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:
«Ես անձնական ոչինչ չունեմ Մարգվելաշվիլիի հանդեպ, քանի որ մենք պետք է մտածենք մեր երկրի անվտանգության ու ամբողջականության մասին, այլ ոչ անձնական տարաձայնությունների: Մենք, պարզապես, տարբեր մոտեցումներ ունենք գործի հանդեպ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ Մարգվելաշվիլիի փոխարեն ինքը չէր օգտագործի վետոյի իրավունքն ու կխորհրդակցեր խորհրդարանի ու կառավարության հետ:
Մարգվելաշվիլին ուրբաթ առավոտյան վետո էր դրել ՆԳՆ օպերատիվ-տեխնիկական բաժնի՝ գաղտնալսումներ անելու ժամկետը երկարաձգելու որոշման վրա: Մինչև մարտի 1-ը երկարաձգելու փոխարեն նախագահն առաջարկել է գաղտնալսումները թույլատրել մինչև դեկտեմբերի 1-ը: Երկրի խորհրդարանը որոշել է նկատի առնել Մարգվելաշվիլիի դիտարկումը: