Միջազգային 

Թուրքիայում հաշտության գործընթացը վտանգված է

Թուրքիայում բռնությունների վերսկսման պատճառով երկրում քրդական խնդրի լուծման ուղղությամբ կառավարության երկու տարի առաջ նախաձեռնած «հաշտեցման գործընթացը» վտանգված է:

 

Նման կարծիք է հայտնում բրիտանական Financial Times թերթն իր այսօրվա համարում` նշելով, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի հետ թուրքական բանակի միջեւ բախումների վերսկսումը կարող է թուրքական կառավարության համար «ժողովրդի հետ կապերի եւ ռազմավարության աղետ» ծնել:

Թերթը գրում է, որ թեեւ ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը թուրքերի համար նույնանում է 30 տարի շարունակվող քրդական դիմակայության ընթացքում 40 հազար մարդկանց մահվան պատճառ դարձած պատերազմի հետ, սակայն, վերջին երկու տարում նույն Օջալանը կառավարության համար դարձել է «արյունալի ապստամբությունը դադարեցնելու ամենամեծ հույսը»:

«Օրերս փողոցային բախումներում տասնյակ մարդկանց մահվան, PKK-ի հետ բախումների վերսկսման եւ քրդաբնակ շրջաններում թուրքական բանակի զինվորների սպանության պատճառով Անկարայի հետ Օջալանի միջեւ բանակցությունները մտան ամենազգայուն եւ արյունալի փուլ», -գրում է թերթը:

Թերթը հիշեցնում է, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն անցյալ ուրբաթ զգուշացրել էր, որ «բռնությունների շարունակման դեպքում Օջալանի հետ բանակցությունները կդադարեցվեն»:

«Օջալանը մեծ ազդեցություն ունի քրդերի մեծամասնության վրա: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ քրդերի պայքարում միջազգային աջակցության ժամանակաշրջանում PKK-ի հետ բախումների վերսկսումը Թուրքիայում կվերածվի իսկական աղետի», -համոզմունք է հայտնում բրիտանական թերթը:

BBC-ն էլ իր հերթին հայտնել է, որ Միջազգային ճգնաժամային խմբից Հագ Պոպեն, մեկնաբանելով Թուրքիայում քրդական խնդրի շուրջ ստեղծված վերջին զարգացումները, ասել է, որ «ներքին համաձայնություն Թուրքիայում հնարավոր է, եթե Օջալանն ազատվի բանտից եւ PKK-ն թուրքական կառավարության հետ գնա հաշտության»:

Նույն շարքից