Միջազգային 

Քրդերն ԱՄՆ-ին որպես միջնորդ են տեսնում Անկարայի հետ բանակցություններում

analitik.am

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ եթե Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն իսկապես ցանկանում է կարգավորել քրդական խնդիրը երկրում, ապա անհրաժեշտ է, որ քրդական խնդրի լուծման համար թուրքական կառավարության սկսած «հաշտության գործընթացի» բանակցություններում որպես միջնորդ հանդես գա ԱՄՆ-ը, կամ միջազգային որեւէ հանձնաժողով: Այս մասին  քուրդ առաջնորդը հայտարարել է ավստրիական Der Standard թերթի թղթակից Միխայիլ Վյոլքերի հետ զրույցում:


Անդրադառնալով Անկարայից հնչող այն հորդորներին, թե Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման դեմ պայքարի հետ կապված թուրքաբնակ քրդերը պետք է «մի քիչ էլ սպասեն» խնդրի կարգավորման հարցում, Բայըքն ասել է, որ ստեղծված իրավիճակում իրենք ցանկանում են քրդերի եւ Անկարայի միջեւ միջնորդ տեսնել հեղինակավոր երկրի կամ միջազգային կազմակերպության: «Դա կարող է լինել ԱՄՆ-ն կամ միջազգային որեւէ հեղինակավոր հանձնաժողով: Խնդրի կարգավորման գործում միջնորդների, դիտորդների կարիք կա: Մենք կարող ենք որպես դիտորդ ընդունել ամերիկացիներին եւս, եւ ինչպես տեսնում ենք, դրան գնացող ընթացք կա», -ասել է նա:


PKK-ի զինված թեւի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ իրաքյան Քրդստանի կանոնավոր բանակի (փեշմերգի)` իր տարածքով Քոբանի անցմանը Թուրքիայի թույլատրությունը քրդական խնդրի լուծման հարցում Անկարայի «մարտավարության փոփոխություն» է միայն: «Էրդողանը պահանջում էր, որպեսզի միջազգային հանրությունը Քոբանիում կռվի PKK-ի եւ քրդական Դեմոկրատական միասնության կուսակցության (YPG) աշխարհազորականների դեմ: Ամերիկացիները դա չընդունեցին: Թուրքիայի կողմից այդ մարտավարության փոփոխության գործում մեծ բաժին ունի ԱՄՆ-ն եւ միջազգային հանրությունը», -ասել է նա:

Բայըքը նշել է, թե այն, որ ԱՄՆ-ն եւ այլ երկրներ զենք մատակարարեցին YPG-ին, խոսում է Թուրքիայի դիվանագիտական պարտության մասին: «ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, մի կողմից, ու Թուրքիայի, մյուս կողմից նպատակների միջեւ լուրջ հակասություններ կան: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են պայքարել ԻԼԻՊ-ի դեմ, Թուրքիան դրա փոխարեն աջակցում է ԻԼԻՊ-ին եւ գործում քրդերի դեմ: Այդ գործոություններով Թուրքիան բեռ դարձավ ամերիկացիների եւ եվրոպացիների համար: Անկարան հույս ուներ, որ կկարողանա Քոբանիում խնդիրներ ստեղծել PKK-ի եւ YPG-ի միջեւ, ինչը նրան չհաջողվեց: Քրդերը նման սադրանքների չեն գնա»,- ասել է Ջեմիլ Բայըքը:

Նույն շարքից