Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան նոր մոտեցում է առաջարկել այդ հակամարտության կարգավորման համար, հայտնում է ՄԱԿ-ն իր կայքում:
Նա առաջարկել է, որպեսզի պատերազմը Սիրիայում «տեղայնորեն սառեցվի»՝ այնպես, որ «Իսլամական պետությունից» եկող վտանգին հնարավոր լինի լիովին հակազդել: Նա կարծում է, որ գոնե Հալեպի շրջանում պետք է մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորություն ստեղծվի: Իսկ առհասարակ կառավարական ու ապստամբ ուժերի պայքարից ուշադրությունը հրավիրվի ԻՊ-ի վրա:
Դե Միստուրան խոստովանել է, որ իր անձնական զգացողություններն այդ մերձավորարևելյան երկրից հուսահատությունն ու հոգնածությունն են: Նա պատմել է, որ Սիրիայի ժողովուրդը խնդրում է «վերջ դնել սպանդին» և «մի քիչ լույս պարգևել» իրենց:
2011-ի մարտից ի վեր Սիրիայի հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 150.000 մարդ, կա ավելի քան 680.000 վիրավոր: Առնվազն 10.8 մլն մարդ օգնության կարիք ունի Սիրիայի ներսում, 6.5 մլն մարդ ներքին տեղահանված է: 2.5 մլն մարդ փախստական է դարձել:
Առաջիկայում հատուկ հանձնակատարը կմեկնի Դամասկոս՝ Սիրիայի նախագահի հետ բանակցելու: