CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ներողություն չի խնդրել իր խոսքերի համար, թե՝ թուրքական կառավարությունը և այլ տարածաշրջանային իշխանություններ ֆինանսական օգնություն են ցուցաբերել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին:
Նրա խոսքով՝ դա ընդամենը լրագրողների կողմից իր խոսքերի մեկնաբանությունն է: Իրականում ինքը ներողություն չի խնդրել Էրդողանից:
«Ինձ ասում են, որ ես ներողություն եմ խնդրել Էրդողանից: Ոչ, ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Ես նրան լավ եմ ճանաչում: Ես նրա հետ աշխատել եմ: Ես նրան զանգահարել եմ և ասել, որ այն, ինչ հայտնել է մամուլը, այնքան էլ ճիշտ չէ: Թյուրիմացություն է տեղի ունեցել: Ահա թե ինչ եմ ասել ես: Ես պարզաբանեցի, թե հատկապես ինչ եմ նկատի ունեցել»,- ասել է Բայդենը:
«Ես չեմ պատրաստվում փոխել իմ իմիջը: Ես երբեք չեմ հրաժարվում իմ բառերից, եթե նույնիսկ դրանք նեղացնում են ուրիշներին»,- նշել է նա:
Մեկ ամիս առաջ Բայդենը Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ Թուրքիային, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին մեղադրել է ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայիններին աջակցելու մեջ: Ավելի ուշ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Բայդենը զանգահարել է Էրդողանին և ներողություն խնդրել իր ասածի համար: Բացի դրանից՝ հաղորդվում էր, որ Բայդենը ներողություն է խնդրել նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարներից: