Տնտեսություն 

Կենսաթոշակային համակարգի մասին խոսելիս իրավունք չունենք հուզական գնահատականներ տալ. Արտեմ Ասատրյան

analitik.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի հետևում Սահմանադրական դատարանում ընթացող «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցով դատական գործընթացքին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ երբ աշխատանքի մեջ է, չի կարող հետևել դատին:

 

Դիտարկմանը, թե տպավորություն է ստեղծվել, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համակարգին դեմ էր արտահայտվում, նախարարն արձագանքեց. «Ես նման գնահատականներ չէի տա, ամեն դեպքում` դատաքննության պրոցես է, հարցուպատասախան է, պարզաբանումներ են անհրաժեշտ»:
Հարցին՝ համակարգը կարո՞ղ է հակասահմանադրական ճանաչվել, նա հրաժարվեց կանխատեսում անել՝ հորդորելով սպասել. «Երկուշաբթի դատը շարունակվելու է, եկեք սպասենք. մեր կարծիքով՝ հակասահմանադրական չէ»:

 

Ինչ վերաբերում է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի երեկվա հայտարարությանը, թե այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է, նախարարը նշեց, որ տեղյակ չէ նման հայտարարությունից.«Ես կարծում եմ՝ սոցիալական ոլորտի պաշտպանությունը հենց այդ հենքն է հաշվի առնում, այսինքն՝ Կառավարությունը մի մարմին է, որը մտածում է մարդկանց սոցիալական խնդիները լուծելու մասին և, բնականաբար, այդ հարցերը ևս հաշվի են առնվում: Երբ խոսում ենք կենսաթոշակային համակարգի մասին, իրավունք չունենք ուղղակի հուզական մակարդակով գնահատականներ տալ, որովհետև սոցիալական պաշտպանության ոլորտի մասին ենք խոսում, ոլորտում տարվող քաղաքականության մասին, որի թիրախն ու նպատակը ՀՀ քաղաքացին է»,-ասաց նախարարը:

Նույն շարքից