Միջազգային 

Զարուհի Փոստանջյանը՝ ԵՏՄ անդամակցության մասին

Սա անդամակցություն չէ, սա բռնակցում է: Անդամակցելը կամավոր, թափանցիկ գործընթացի ներքո պետք է լինի, իսկ մեկ գիշերվա մեջ նման որոշում է կայացնելը բռնակցում է: Այսօր այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետին, ապա պատգամավորը նշեց, որ մաքսակետ չլինելու վերաբերյալ պայմանավորվածությունը միայն բանավոր է, իսկ փաստաթղթերում նշված է, որ լինելու է անցակետ:

 

«Եթե լինելու է մաքսակետ, ուրեմն պետք է լինի մաքսավոր, եթե լինելու է մաքսավոր, ապա այն կարող է լինել այլ երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Ադրբեջանի բարեկամ պետության՝ Ղազախստանի ներկայացուցիչ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը և ավելացրեց, որ մաքսավորը պատահական մարդ չէ, այլ իրավական ներկայացուցիչ է, և հարց է առաջանալու այդ դեպքում, թե մենք ինչպես ենք մեր անվտանգությունն ապահովելու:

Նրա գնահատմամբ՝ ԵՏՄ-ն «ավանտյուրա» է: «Մեզ ավտորիտարներին են բռնակցում»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլայ Ռիժկովի՝ ԼՂՀ-ի մասին հնչեցրած մտքերին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դա «լկտի» հայտարարություն էր, որն արվել է բռնակցման համատեքստում: Ըստ պատգամավորի՝ Ռիժկովն այդ հարցին ընդհանրապես չպետք է պատասխաներ, իսկ նրա այդ պատասխանը ՌԴ-ի ավտորիտար քաղաքականության մի մասն է:
 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորը ներկայացրեց նաև Արցախի ԱԺ-ում տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը, որտեղ իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծն է քննարկվել:

Նա ասաց, որ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը միջնորդություն է ներկայացրել, որ այդ հարցի քննարկումը դռնփակ իրականացվի, և հանձնաժողովը կոպիտ խախտումներով՝ օրակարգը չհաստատած անցել է այդ հարցի քննարկմանը և որոշում է կայացվել դռնփակ իրականացնել: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ արդյունքում Արցախի պատգամավորը և լրագրողը չկարողացան ներկա գտնվել և լուսաբանել նիստը:

«Այս գործընթացին խոչընդոտում էին նաև այն գործիչները, որոնք ընդդիմությունից էին»,-ասաց նա:

Այդուհանդերձ իր հեղինակած նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

Նույն շարքից