Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. այդ մասին Բաքվում հայտարարել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը. տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Բրիտանիան քննարկում է այս իրավիճակից դուրս գալու ճանապարհները և մտածում է, թե ինչպես կարող է օգնել հակամարտության լուծմանը: Մենք չենք կարող թելադրել կամ լուծում պարտադրել կողմերին, սակայն կարող ենք օգնել հակամարտության լուծմանը՝ տարբեր առաջարկներով ու նախաձեռնություններով»,- ասել է նախարարը:
Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն առաջնահերթություն է միջազգային կառույցների համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Բաքվում և տարածաշրջանում իմ բանակցությունների գլխավոր թեման է եղել: Հակամարտությունը շարունակվում է ավելի քան 20 տարի, և այն մարդկային ողբերգություն է»,- ասել է Լիդինգտոնը:
Հիշեցնենք, որ Բաքու այցից առաջ Լիդինգտոնը եղել էր Երևանում: