ԵԱՀԿ-ն պատրաստվում է ընդլայնել Ուկրաինայի արևելքում մոնիթորինգային առաքելությունը, լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը, գրում է interfax.ru-ն:
«Առաքելությունը պատրաստվում է տեղակայել Ուկրաինայի արևելքում մինչև 500 դիտորդ, նրանցից 350-ը՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում»,- ասել է նա:
Հուգը բացատրել է, որ չորեքշաբթի օրը կոնֆլիկտի կողմերին հաջողվել է բաց երկխոսության ռեժիմում քննարկել միմյանց նկատմամբ ունեցած բողոքները և պահանջները:
«Մենք բազմիցս անհանգստություն ենք արտահայտել Մինսկի պայմանավորվածությունների պահպանման մասին: Չնայած այսօր կոնֆլիկտում ներգրավված կողմերը նստած են մեկ սեղանի շուրջը և փորձում են դրան լուծում գտնել»,- ասել է նա: