Առաջիկա 3-4 շաբաթները ցույց կտան՝ հնարավոր կլինի՞ Թեհրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնության գալ Իրանի հետ, թե՞ ոչ. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Հնարավոր կլինի աշխատել, թե ոչ՝ կիմանանք 3-4 շաբաթից: Մենք նրանց համաձայնագիր ենք ներկայացրել, որը թույլ կտա բավարարել էներգետիկ պահանջները»,-ասել է նա:
ԱՄՆ նախագահն Իրանի դիրքորոշումը «լուրջ» է անվանել և որպես հաջողություն է ներկայացրել Իրանի միջուկային ծրագրի որոշ ասպեկտների դադարեցումը՝ «վեցյակի» հետ պայմանավորվածության արդյունքում:
Նա հույս է հայտնել, որ Իրանը միջազգային հանրությանը կհավաստիացնի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում և «կվերադարձնի միջազգային հանրության լիիրավ անդամի» իր կարգավիճակը:
Օբամայի համոզմամբ՝ դրան խանգարում են Իրանի կառավարության որոշ գործիչներ, որոնք ամեն վատի համար ԱՄՆ-ին են մեղադրում: