ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լևան Դոլիձեն հայտարարել է հրաժարական տալու մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Դոլիձեն նշել է, որ իր մտադրության մասին արդեն հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, սակայն, նրա խոսքով, պաշտոնը լքելուց առաջ մտադիր է կատարել բոլոր պլանավորված միջոցառումները: Այդ թվում՝ վարչապետի՝ Բրյուսել կատարելիք այցը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրը Վրաստանի հարցով, ինչպես նաև նախարարների մակարդակով հանդիպումները:
«Ես լիովին գիտակցում եմ իմ պարտականությունները երկրի առաջ, քանի որ ես ինչ-որ կուսակցություն չեմ ներկայացնում, այլ պետությունը՝ ՆԱՏՕ-ում: Հետևաբար՝ շատ կարևոր է չվնասել երկրի շահերին»,- ասել է նա:
Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ արտերկրում Վրաստանի տասնյակ դեսպաններ մտադիր են վայր դնել իրենց լիազորությունները: Սակայն դա պաշտոնապես չի հաստատվել: