ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Բեռլինում կայանալիք «Նոր քաղաքականություն» համաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ մտադիր է պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը և նրա նախագահին, գրում է Обозреватель-ը։
«Ես, իհարկե, կօգտագործեմ Բեռլինյան պատի քանդման 25-ամյակի առիթն այն առումով, որ այլևս երբեք ոչ մի պատ չլինի, ոչ միայն քարե, այլև բարոյական և համամարդկային։ Ինչպես ասում էր մանկական հեքիաթներից մեկի իմաստուն կատուն՝ «պետք է համերաշխ ապրել»»,- ասել է Գորբաչովը։
Նա խոստացել է այդ նույն թեման բարձրացնել Մերկելի հետ զրույցի ընթացքում։ «Իմ խորին համոզմամբ՝ Ուկրաինայի խնդիրը միայն պատճառ է, որից կարողացել է կառչել ԱՄՆ-ն։ Ռուսաստանը գնացել է դեպի նոր հարաբերություններ, ստեղծել է համագործակցության նոր կառույցներ։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, սակայն ԱՄՆ-ում ոչ բոլորին է դա դուր եկել։ Նրանք այլ պլաններ ունեն, նրանց այլ իրավիճակ է անհրաժեշտ։ Լավ կլինի, թե վատ, դա արդեն իրենց չի հետաքրքրում»,- հայտարարել է Գորբաչովը։
Նախկին նախագահը նշել է, որ համաժողովում և ղեկավարների ու հասարակական գործիչների հետ զրույցներում պաշտպանելու է Ռուսաստանի դիրքորոշումը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Ես բացարձակ վստահ եմ, որ Պուտինը բոլորից լավ է այժմ պաշտպանում Ռուսաստանի շահերը։ Իհարկե, նրա քաղաքականությունում կա այն, ինչը կարող են քննադատել։ Սակայն ես չեմ կառչի դրանից, և չեմ ուզում, որ մյուսները նույնպես կառչեն»,- ասել է Գորբաչովը։