Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակն ուրախացրել է Թուրքիային:
TRT Haber-ը նշում է, որ հանրապետականների հաղթանակը կարող է ջերմացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները և դրա համար հիմնական երկու պատճառ է մատնանշում՝ Սիրիայի և «1915թ.-ի դեպքերի» հարցում Թուրքիայի և հանրապետականների համակարծիք լինելը:
Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։
«1915թ.-ի դեպքերի 100-ամյակին՝ 2015թ.-ին ընդառաջ Կոնգրեսի՝ հանրապետականների վերահսկողության տակ անցնելն ի նպաստ Թուրքիայի եղավ»,- գրված է հոդվածում։
Սենատում հայկական լոբբիի ամենաուժեղ աջակիցներից մեկը՝ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն աթոռը կզիջի հայկական պնդումներին դեմ հանդես եկող Բոբ Քորկերին, ինչը դրական տեղաշարժ է:
Վաշինգտոնի համալսարանի Թուրքիայի հետազոտության ծրագրի ղեկավար Սոներ Չաղափթայը հիշեցրել է, որ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը միշտ տապալվել են հանրապետականների պատճառով:
Նա նշել է, որ այժմ էլ հանրապետականները չեն ցանկանա փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Չաղափթայը նշել է, որ Հայկական հարցի վերաբերյալ բանաձևերի հարցում հանրապետականներն ավելի թուրքամետ են:
Նրա հետ համակարծիք է նաև քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների կենտոնի տնօրեն Քադիր Ուսթյուն, ով նշում է, որ 100-ամյակին ընդառաջ մթնոլորտը փոխվելու է:
«Հանրապետականներն այս հարցում զգուշավոր են լինելու: Նրանք փորձելու են առողջացնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները»,-ասել է նա:
Նա հիշեցրել է, որ նախագահ Բարաք Օբաման ընտրվելուց առաջ հայերին խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը:
«Եթե հանկարծ դեմոկրատներին հաջողվի բանաձև մտցնել օրակարգ, Օբաման կարող է դեմ չլինել դրան: Հանրապետականները դա օրակարգ բերել չեն ցանկանա, սակայն Կոնգրեսում բավական թվով հայկական լոբբիի հետ լավ հարաբերություններ ունեցող մարդիկ կան: Հետևաբար, եթե բանաձևը հայտնվի օրակարգում, կարող ենք ասել, որ այն ընդունելու ավելի քիչ հավանականություն կա»,-ասել է նա: