Միջազգային 

Փարիզում «Իսլամական պետության» 200 հոգանոց խումբ է գործում

Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետություն» խմբավորման մեկ բջիջ գործում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի ներքին գործերի փոխնախարար Ադնան ալ-Ասադին:

Փոխնախարարը ելույթ է ունեցել Մոնակոյում՝ Ինտերպոլի գլխավոր վեհաժողովի նիստի ընթացքում, և ասել է, որ իրաքյան և ֆրանսիական հետախուզությունները բացահայտել են այդ խմբին և այժմ հետևում են նրանց: «Խմբի անդամների թիվն արդեն հասել է 200-ի»,-ասել է ալ-Ասադին:

Նա նշել է, որ իրաքյան ու ֆրանսիական հետախուզական ծառայությունները մեկ շաբաթ առաջ համատեղ գաղտնի գործողություն են իրականացրել: Պաշտոնյան, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդել, և հայտնի չէ, թե ինչ ազգության են խմբի անդամները, ինչպես նաև ձերբակալություններ եղե՞լ են, թե՞ ոչ:


«Իսլամական պետությունը» այժմ իր վերահսկողության տակ է պահում Սիրիայի և Իրաքի զգալի տարածքներ՝ չնայած ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծայրահեղականների թվում կան Եվրամիության երկրների քաղաքացիներ:

Նույն շարքից