Միջազգային 

Թուրք ընդդիմադիրը բացատրություն է պահանջել Դավութօղլուից՝ Ցեղասպանությունը ժխտող աշխատության անհետացման կապակցությամբ

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Իհսան Քյոքթուրքը վարչապետ Ահմեթ Դավութօղլուից բացատրություն է պահանջել Թուրքիայի ռազմական դատախազության կայքից Հայոց ցեղասպանությունը ժխտող 8 հատորանոց աշխատության անհետացման առնչությամբ, տեղեկացնում է Hye Tert-ը։

 

Թուրքիայի ազգային մեծ ժողովի ղեկավարությանը հանձնած գրավոր հարցապնդման մեջ պատգամավորը հիշեցրել է, որ 2015թ.-ի ապրիլի 24-ին նշվելու է «հայկական պնդումների 100-ամյակը», ինչին արդեն ակտիվորեն պատրաստվում են Հայաստանն ու հայկական սփյուռքը:

 

 

Քյոքթուրքը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան և որ Թուրքիային առաջիկայում «դժվար օրեր են սպասվում»:

 

«Չնայած այս դժվարին ժամանակահատվածին՝ Ռազմական դատախազության կայքից հանվել է հայկական պնդումներին պատասխանելու նպատակով պատրաստված «Հայերի գործողությունները՝ 1914-1918թթ.-ին» կոչվող 8 հատորանոց աշխատությունը»,-գրել է նա:

 

Պատգամավորը հարցրել  է, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ այն հեռացնել կայքից, ի՞նչ է նշանակում այդ քայլը և արդյոք Կառավարությո՞ւնն է նման խորհուրդ տվել դատախազությանը:

 

Քյոքթուրքը նաև հետաքրքրվել է, թե ինչ է պատրաստվում անել թուրքական կառավարությունը՝ ի պատասխան Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից ձեռնարկվելիք քայլերի:

Նույն շարքից