Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հիշել է 2007թ. դեպքերը, երբ Թբիլիսիի կենտրոնում ուժի կիրառմամբ ցրեցին ընդդիմության մի քանի հազարանոց բողոքի ակցիայի մասնակիցներին. նա հայտարարել է, որ ժողովուրդը երբեք չի ների նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, գրում է newsgeorgia.ru-ն։
«Նոյեմբերի 7-ն ամսաթիվ է, որը ժողովուրդը երբեք չի ների «Ազգային շարժում» կուսակցությանը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ 2007թ. նոյեմբերի 7-ն «արյունալի ամսաթիվ է» Վրաստանի պատմության համար։
«Նախկին իշխանությունները ծանր հանցանք են գործել իրենց երկրի և ժողովրդի հանդեպ. դաժանությամբ ցրել են խաղաղ ցուցարարներին, իրենց քաղաքացիներին, ոտնահարել են նրանց անձնական արժանապատվությունը և ժողովրդավարական պետության սկզբունքները։ Ցանկանում եմ հիշել այն, թե ինչպես նոյեմբերի 7-ին ներխուժեցին «Իմեդի» հեռուստաընկերություն։ Դա խոսքի ազատության ճնշում էր ուժի միջոցով։ Այդ և հաջորդ իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր հասարակությունը, ազատատենչ ժողովուրդը երբեք չի համակերպվի արժանապատվության հանդեպ ոտնձգություններին»,- նշել է Ղարիբաշվիլին։