Տնտեսություն 

Կառավարությունն այս տարի ևս կօժանդակի ցրտահարությունից տուժած գյուղացիներին՝ Արմավիրի օրինակով

analitik.am

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մինչ Կառավարության նիստի օրակարգի հաստատումն անդրադարձավ հանրապետությունում վերջին օրերին գրանցված ցրտահարությանը և դրա հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասին: Նա նշեց, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խորհրդակցություններ է անցկացնում և ընդամենը մի քանի օրից պարզ կդառնա, թե ինչ ծավալի վնաս է գրել գյուղատնտեսությունը:

«Ավելի քան 11 հազ. հա-ի վրա արձանագրել ենք վնասներ, ու այսօր մարզպետները և գյուղնախարարը ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել ըստ ծավալների, որպեսզի օգնությունը լինի առարկայական: Կարծում եմ՝ ժամանակ ունենք շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները մեզ հասցրել է: Օգնելու ենք, որ գյուղացին ստանա պարարտանյութ, սերմեր, որ կորսված տարի չլինի»,-ասաց նա:

Վարչապետը նշեց նաև, որ Կառավարությունը դիմել է Կենտրոնական բանկին՝ ֆինանսական խնդիրները քննարկելու համար:

Այնուհետև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց. «Որոշակի ուսումնասիրություններ արել ենք տարբեր գյուղերում, աշխատանք է տարվում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից կներկայացնենք վերջնական տվյալները: Բայց խոսքը մոտ 6 մլրդ վարկային ներդրումների մասին է խոսքը»:

Վարչապետն ընդգծեց, որ գյուղացիներին ֆինանսապես օժանդակելու են այնպես, ինչպես անցած տարի կարկուտից տուժած արմավիրցիներին:

«Ինչպես անցած տարի Արմավիրում օգնեցինք վարկային միջոցներով, վերաձևակերպումներով, այս տարի էլ կօգնենք հաղթահարել ֆինանսական խնդիրները, որպեսզի գարնանացանն ու աշնանացանն իրականացնեն»,-ասաց նա: 

Նույն շարքից