Տնտեսություն 

Վարչապետը՝ ՍԴ որոշման մասին

analitik.am

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է այն տեսքով, ինչպես որ հաստատվել է Ազգային ժողովի կողմից ու ուժի մեջ մտել 2014թ. հունվարի 1-ից: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ Կառավարության նիստի օրակարգի հաստատումը և ընդգծեց, որ մինչ այդ ժամկետը պետք է շտկվեն բոլոր այն նորմերը, որոնք երեկ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել:

«Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար հունվարի 1-ից գործում է և նշանակում է, որ բոլորը պետք է ղեկավարվեն օրենքով»,-ասաց նա:

Այնուհետև վարչապետը, դիմելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, հարցրեց, թե արդյոք ինքը ճիշտ է հասկացել ՍԴ որոշումը, ինչին ի պատասխան նախարարն ասաց.

«ՍԴ-ի մասին օրենքի 63-րդ հոդվածում ամրագրված է, որ օրենքը համարվում է սահմանադրական մինչև նրա ուժը կորցնելը: Մինչև սեպտեմբերի 30-ը այդ դրույթները համարվում են սահմանադրական»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված որոշ դրույթները շտկելու համար կձևավորվի աշխատանքային խումբ:

«Սա նշանակում է, որ մենք շահագրգիռ գերատեսչությունների հետ ներկայացնելու ենք ԱԺ-ին օրենսդրական փաթեթ, որը հաշվի է առնելու բոլոր այն նորմերը, որոնք սահմանված են ՍԴ որոշման մեջ: Բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար մեզ հետ միասին մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը»,-ասաց նա:

Վարչապետը դիմելով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության և հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ հրավիրեց երկխոսության՝ աշխատել հանուն ավելի լավ օրենսդրության:

Նույն շարքից