Միջազգային 

Համանախագահները Բազելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հավանականությունը: Այս մասին Ուրլիքը հայտարարել է APA-ին տված հարցարզույցում:


«Մենք Բազելում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարական ամենամյա հավաքի շրջանակում կհանդիպենք նաեւ հակամարտության կողմերի ԱԳՆ ղեկավարների հետ: Շարունակելու ենք հանդիպումները նաեւ այդ մակարդակում», -ասել է նա:


Ամերիկացի համանախագահը խիստ կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները: «Նախագահների հանդիպումները նպաստում  են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ նրանք պետք է շարունակվեն: ԱՄՆ-ի անունից կարող եմ ասել, որ մենք ակնկալում ենք, որ նախագահները կհանդիպեն պարբերաբար: Շատ կարեւոր է զարգացնել Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած երկխոսությունը», -ասել է Ուորլիքը:

2014թ.  ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ` օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին` Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ եւ հոկտեմբերի 27-ին Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ: 

Նույն շարքից