Ադրբեջանի իշխանությունները երկրում խոսքի ազատության սահմանափակումների համար օրեցօր ավելի խիստ քննադատության են ենթարկվում միջազգային հանրության, հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Թբիլիսիում ԵԱՀԿ-ի կազմակերպած Հարավկովկասյան 11-րդ մեդիակոնֆերանսի բացման խոսքում Ադրբեջանում տիրող իրավիճակին հատուկ անդրադարձավ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը` նշելով, որ չի կարող լռել Ադրբեջանում ահագնացող իրավիճակի մասին: «Ադրբեջանից եկող ազդակները շատ մտահոգիչ են: Բոլոր մեր գործընկերները, ովքեր ներկայացնում են ազատ մամուլը եւ հասարակական կազմակերպությունները, այստեղ չեն: Ադրբեջանը միակ երկիրն է, որն արգելափակում է իր ներկայացուցիչներին` մասնակցելու այս համաժողովին: Հրապարակվում են կամ ճամփորդելու արգելքներ, կամ նրանք բանտարակված են»,-նշեց Դունյա Միյատովիչը:
ԵԱՀԿ ներկայացուցիչը հղում արեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեքսի հայտարարությանը, որով նա խստորեն դատապարտում էր Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հալածանքները: