Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ինքը շիտակ մարդ է, բայց խոստովանել է, որ չպետք է վիրավորական արտահայտվեր Իրակլի Ալասանիայի մասին, որին ինքը հեռացրել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անցած շաբաթ օրը Ղարիբաշվիլիին քննադատել էր անզուսպ լինելու համար: Մասնավորապես, նրա համար, որ Ղարիբաշվիլին Իրակլի Ալասանիային անվանել է «դավաճան» և «ամբիցիոզ ավանտյուրիստ»:
«Ընդհանրապես, ես սիրում եմ ուղիղ խոսել: Ես երբեք հրապարակավ չեմ ստել: Երկրորդ հարցը՝ որքանով ես պետք է կամ չպետք է ասեի դա: Անձամբ ինձ դուր չեկավ այն, որ ես արտաբերեցի այդ խոսքերը… երևի չպետք է դա ասեի»,- նոյեմբերի 10-ին լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին:
Միաժամանակ նա նշել է, որ Ալասանիան և նրանից հետո հեռացած Մայա Փանջիկիձեն (երկրի ԱԳՆ նախկին ղեկավար) և Ալեքսի Պետրիաշվիլին (եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար) «կոչված չեն ծառայելու պետությանը»: