Տնտեսություն 

Հրաժարականը որևէ բան չի տա, եթե քաղաքական համակարգում փոփոխություններ չմտցվեն. Բագրատ Ասատրյան

analitik.am

Իշխանությունը պնդում է, թե վարչապետի հրաժարականը կապ չունի տնտեսական, քաղաքական կամ մեկ այլ հարցի հետ, բայց բոլորս գիտենք, որ վերջին երեք տարիներին երկրում ՀՆԱ-ն 10%-ով նվազել է, և այսօր խնդիրներն ավելի շատ են, քան եղել են մոտ վեց տարի առաջ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

«Սա ցույց է տալիս, որ այս տիպի իշխանության գործունեությունն անարդյունք է: Բացեք Սերժ Սարգսյանի 2008-ի նախընտրական ծրագիրը, տեսեք, թե ինչ էր խոստացել ու ինչ է արել: Ասում են, թե համաշխարհային ճգնաժամ էր, բայց դա ամբողջ աշխարհում էր, իսկ Հայաստանում առաջինը ուղեղների ճգնաժամի խնդիր է»,-ասաց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ եթե իշխող կուսակցությունն ասում է, թե վարչապետի հրաժարականը կապ չունի երկրի խնդիրների հետ, ապա դա իրականությունից կտրված է, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը սարսափելի վիճակում է գտնվում:

«Ընդդիմությունը լավն է եղել, թե վատը, բայց բոլոր խնդիրներն իրենք են բարձրացնում: Եթե այսօր իշխանությունը քայլ չաներ, ուրեմն փողոցում էին լուծվելու բոլոր հարցերը: Իսկ 2008 թ. մարտի մեկը մարդկանց միջից չի անցել, և այդ վերքերը պետք է դեռ փակի իշխանությունը»,-ասաց նա:

Բագրատ Ասատրյանը նաև ընդգծեց, որ իրականում հրաժարականը որևէ բան չի տա, եթե քաղաքական համակարգում փոփոխություններ չմտցվեն:

Նույն կարծիքը հայտնեց նաև մեկ այլ տնտեսագետ՝ Վարդան Բոստանջյանը, ով ընդգծեց, թե պետք չէ մտածել՝ ով կնշանակվի վարչապետի պաշտոնում, քանի որ պետք է մտածել համակարգային փոփոխությունների մասին:

«Երևի ռոմանտիկ կհնչի, բայց բոլոր բարձր պաշտոններում գտնվող այրերը պետք է նախ սիրեն երկիրը, չմտածեն, որ երկիրը միայն թալանելու համար է: Եկեք այնպիսի վարչապետ դնենք, որ գործից հասկանա, գործը իրականացնելու հնարավորություն ունենա, ոչ թե վախվորած մեկին, որ նույնիսկ վախենա խոսել»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե մինչ երեկ ՀՀԿ-ի կողմից պարբերաբար հերքվում էր վարչապետի հնարավոր հրաժարականի հանգամանքը, նշեց. «Այդ ինչ թիմ է, որ իրենց համար հայտնի չէր, թե ներսում ինչ է կատարվում»։ 

Նույն շարքից