Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը Անկարային սպառնացել է Թուրքիան վերածել Սիրիայի:
Ինչպես հաղորդում է թուրքական «Յուրդ» թերթը, Թուրքիայում քրդական խնդրի լուծման վերաբերյալ կառավարության խոստումները չկատարվելու հետ կապված` Բայըքն ասել է, թե բացահայտ երեւում է, որ Անկարան ցանկություն չունի լուծել քուրդ եւ մյուս ժողովուրդների խնդիրները:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը «նայելով հասարակության աչքերին` սուտ է խոսում»:
«Թուրքիան կրկին աշխատում է օգտվել բանակից: Անկարան միջազգային հանրության շրջանում զրկվել է հեղինակությունից: Անցյալում նրան ծառայող եւ աջակցող երկրներն այլեւս չեն գտնվում նրա կողքը: Անկարան գնալով միայնականում է, իսկ ներքին պատերազմի հավանականությունը մեծանում է: Եթե Թուրքիայի ղեկավարությունը շարունակի նախկին քաղաքականությունը, կառերեսվի կամ Եգիպտոսի նման հեղաշրջման, կամ էլ ներքին պատերազմի հետ: Թուրքիային նոր Իրաք եւ Սիրիա է սպասում», -ասել է PKK-ի զինված թեւի առաջնորդը: