Միջազգային 

Լեհաստանը նշում է Անկախության օրը

Լեհաստանը նոյեմբերի 11-ին նշում Է ազգային տոնը՝ Անկախության օրը: Այդ օրվա առթիվ տարբեր քաղաքներում տեղի կունենան համերգներ, հանրահավաքներ եւ երթեր, ցուցահանդեսներ եւ կինոցուցադրություններ՝ ընդհանուր առմամբ շուրջ 700 միջոցառումներ:


Մայրաքաղաք Վարշավայում կկայանան տասը բազմամարդ ցույցեր, ինչպես նաեւ Անկախության ավանդական վազքը: «Միասին անկախ Լեհաստանի համար» կարգախոսի ներքո գլխավոր երթը՝ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու մասնակցությամբ, կանցկացվի օրվա երկրորդ կեսին քաղաքի կենտրոնական փողոցներով: Ինչպես սպասվում է, դրան կմասնակցի 10 հազար մարդ:


Բացի ցույցերից, Լեհաստանի մայրաքաղաքում տեղի կունենան նաեւ պատմական շքերթ, համերգներ եւ թատերականացված ներկայացումներ, ցուցահանդեսներ եւ հայրենասիրական պարապմունքներ երեխաների համար:


Լեհաստանում Անկախության օրը սահմանվել Է 1937 թվականին եւ կապված Է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի օրվա հետ, որից հետո երկրում սկսվեց փոփոխությունների եւ պետականության վերականգնման  գործընթացը, որը գլխավորում Էր գերմանական գերությունից վերադարձած Յուզեֆ Պիլսուդսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից