Տնտեսություն 

Պետք չէ ֆինանսների նախարարության բացահայտած խնդիրներն օգտագործել նրան իսկ քննադատելու համար

analitik.am

Վերջին օրերին տարբեր ցուցանիշներ են շրջանառվում ֆինանսների նախարարությունում ժամանակավոր անաշխատունակության նպաստների աճի մասին, ինչպես նաեւ մեջբերվում իրականության հետ կապ չունեցող հաշվարկներ ու տոկոսներ:


Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Այդ ամենի համար հիմք են հանդիսացել Վերահսկիչ պալատի տարեկան  հաշվետվության մեջ նշված՝ ֆինանսների նախարարությունում 2011թ.-ին ժամանակավոր անաշխատունակության  թերթիկների քանակը (եւ ոչ թե հիվանդ աշխատողների քանակը)  կազմել է 263, 2012 թ.-ին ՝ 334,  2013թ.-ին՝ 553 հատ: Թերթիկների քանակը համադրվել է նախարարության այդ տարիների աշխատակիցների թվաքանակի հետ:


Կարծում ենք, որ ամբողջ տարվա թերթիկների քանակը համեմատել աշխատակիցների թվաքանակի հետ եւ դրանից հետեւություններ անել այն մասին, թե ամբողջ անձնակազմը  հիվանդ է  կամ հաճախ հիվանդանում է, պարզապես  կոռեկտ չէ:


Կոնկրետ ՀՀ ֆինանսների նախարարությանն առնչվող մասում բերված տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը: Պետք է նշել, որ 2011 թ. նշված թերթիկների քանակն իսկապես եղել է 263, իսկ 2012 թ.՝ 334: Իսկ ահա 2013 թ. թերթիկների քանակը կազմել է ոչ թե 553, այլ 329 հատ: 


 Այսպիսով՝ այն, ինչ ներկայացվում է որպես սենսացիա կամ «կոռուպցիոն բացահայտում», մասնագիտական առումով պարզապես թերի աշխատանքի  արդյունք է:


Հարկ է նաեւ առանձնացնել ՎՊ տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած եւս մեկ կետ. Ֆինանսների նախարարության  ժամանակավոր անաշխատունակության  նպաստների ընդհանուր գումարը 2012թ.-ին եղել է 21 մլն 568 հազար դրամ, իսկ 2013թ.-ին,  չնայած թերթիկների «ակնհայտ աճին»,  նույն նպատակով տրամադրված գումարը նվազել է՝ կազմելով 20 մլն 346 հազար դրամ, ինչը մեկ անգամ եւս վկայում է, որ թերթիկների քանակը չէր կարող աճել ու 334-ից հասնել 553-ի, իսկ դրանց դիմաց տրվող գումարները՝ նվազեն:


Միեւնույն ժամանակ նպաստների գումարների աճ է նկատվել 2011-2012 թթ. ընթացքում,  ինչը մասնագիտորեն  կրկին բացատրելի է: 2011-2012թթ. օրենսդրության մեջ եղել  է  փոփոխություն, որով վերանայվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը եւ վերացվել նպաստի չափը սահմանափակելու՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափ սահմանելու նորմը:


Եվ, վերջիվերջո, տարեկան 329 անաշխատունակության թերթիկը նշանակում է, որ ֆինանսների նախարարությունում մեկ ամսվա ընթացքում թերթիկը (բյուլետենը) միջինում ներկայացնում է 27 աշխատակից: Արդյո՞ք սա մեծ թիվ է 674 աշխատակից ունեցող աշխատակազմի համար:


Այդուհանդերձ, ֆինանսների նախարարությունը  փաստում է, որ ոլորտում առկա են մտահոգող խնդիրներ: Եվ այդ խնդիրների մասին առաջինը բարձրաձայնել է հենց նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը:  Դեռեւս 2013 թ. Ֆինանսական վերահսկողության տեսչությունը ուսումնասիրություններ է կատարել այս ոլորտում: Իսկ 2014 թ. սկզբին ֆինանսական վերահսկողության տեսչության պետը  ներկայացրել է հրապարակային հաշվետվություն ոլորտում բացահայատված խնդիրների մասին: Տեսչությունն ուսումնասիրություններ է կատարել ինչպես ֆինանսների նախարարությունում, պետական եկամուտների կոմիտեում, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում, այնպես էլ այլ գործատուների գծով (որտեղ եղել են նպաստների աճ) եւ փաստել, որ կոնկրետ նշված գերատեսչություններում աճը կրում է զուտ տեխնիկական բնույթ: Միեւնույն ժամանակ արձանագրվել են ռիսկեր պոլիկլինիկաներն ուսումնասիրելու արդյունքում, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը տեսչությունը 2013թ. հոկտեմբերին ուղարկել է  գլխավոր դատախազություն՝ լրացուցիչ քննության:


Արդեն հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այս կամ այն ոլորտում բացահայտված կամ լուծում տրված խնդիրներն (օրինակ՝ քաղաքաշինության ոլորտում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ու ապրանքների գնագոյացման խնդիրները, սոցիալական ապահովության ոլորտում բացահայտված՝ կենսաթոշակների ու նպաստների վճարման խախտումներն ու թերացումները եւ այլն) օգտագործվում են նույն այդ կառավարությանը քննադատելու նպատակով: Կարծում ենք, որ նման մոտեցումը վերանայման կարիք ունի»:

Նույն շարքից