ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշել է զարգացնել համագործակցությունը Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Համագործակցության Շանհայի կազմակերպության եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ: Համապատասխան բանաձեւերն ընդունվել են կոնսենսուսով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ընդունված փաստաթղթերում, մասնավորապես, նշվում է, որ ՀՇԿ-ն «կարեւորագույն տարածաշրջանային կազմակերպություն է դարձել տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկելու համար», իսկ ՀԱՊԿ-ն իր գոյության ընթացքում «վերածվել է բազմաֆունկցիոնալ կառույցի, որի ներուժը թույլ է տալիս նրա պատասխանատվության գոտում համարժեք հակազդել մարտահրավերների ու սպառնալիքների լայն սպեկտրի»:
Գլխավոր ասամբլեան ողջունել է ՄԱԿ-ի եւ նրա հաստատությունների հետ «համագործակցությունն ակտիվացնելու եւ խորացնելու» ԱՊՀ-ի ձգտումը՝ համոզմունք հայտնելով, որ դա «կնպաստի Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու սկզբունքների առաջշարժմանը»:
Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում նաեւ բանաձեւեր են ընդունվել Արաբական պետությունների լիգայի, Քիմիական զենքի արգելման կազմակերպության, Կենտրոնաեվրոպական նախաձեռնության, Տնտեսական համագործակցության կազմակերպության, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եւ միջազգային ու տարածաշրջանային այլ միավորումների հետ ՄԱԿ-ի համագործակցության զարգացման մասին:
Դիմելով Գլխավոր ասամբլեայի պատվիրակներին՝ նրա 69-րդ նստաշրջանի նախագահ Սեմ Կահամբա Կուտեժան խոստովանել է, որ ՄԱԿ-ը միայնակ չի կարող գլուխ հանել արդիականության բարդ ու համալիր մարտահրավերներից: «Այս դժվարին ժամանակներում ամենահրատապ համաշխարհային խնդիրներին արձագանքելու տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային կազմակերպությունների բացառիկ դերակատարությունը կարեւոր է, ինչպես երբեք»,- ասել է նա: Կուտեժայի խոսքով՝ միջազգային հանրակցությունը «հսկայական օգուտ կստանա այդ կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի միջեւ փոխգործակցության բարելավումից»: